Փետրվարի 25-ին ես ես ժամանեցի Ստեփանակերտ նկարահանումների համար: Ինչպես պարզ դարձավ, հենց դեպքերի ժամանակ: Այդ գիշեր հայկական ստորաբաժանումները գրոհում էին Խոջալուն, որտեղից ադրբեջանցիները գնդակոծում էին Ստեփանակերտը: Խոջալուում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը:
Բժիշկների հետ ես գնում էի գրոհողների երկրորդ շարքում: Խոջալուից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էինք գտնվում, երբ նկատեցինք, որ մեզ վրա մթության մեջ ամպ հիշեցնող ինչ-որ բան է գալիս: Մենք լսեցինք տնքոցներ, բղավոցներ հայերենով և ադրբեջաներենով, հայհոյանքներ: Պարզվեց, որ այդ «ամպը» մարդկանց մի ամբոխ է: Կիսամերկ մարդիկ, շատ երեխաներ…
«Սրանք թուրք մեսխեթցիներ են, մենք նրանց գերի ենք վերցրել», - բացատրեցին մեզ նրանց հսկող հայ զինվորները:
Թուրքերի ամբոխի վերում քայլում էր երեք երեխաներով մի կին: Բոբիկ, ձյան վրա: Նա հազիվ էր տեղաշարժվում, հաճախ ընկնում էր: Պարզվեց, որ նրա երեխաներից ամենափոքրը երկու օրեկան է: Երկու օրեկան՜:
Ես այդ երեխային ձեռքս վերցրեցի և քայլեցի թուրքերի հետ: Լացում էինք երկուսս էլ՝ և ես, և այդ կինը: Գիշեր, խառնաշփոթ իրավիճակ… Թեև իմ հագի շորերին հատուկ նշաններ կային, որոնցով ես տարբերվում էի, ինձ մի քանի անգամ հարվածեցին հրացանի կոթով և հայհոյեցին՝ հրամայելով շտապել: Ես գիտեի, որ ինձ ոչինչ չի սպառնում, սակայն մի պահ ինձ գերի զգացի: Ոչ մեկին չէի ցանկանա:
Առավոտյան ես հասա Խոջալու: Բնակավայրը կրակի մեջ էր: Դիակներ փողոցներում: Ես ինքս յոթ մահացածի հաշվեցի, այդ թվում մեկ ոստիկանի: Այնուհետև մենք ինքներս ենթարկվեցինք գնդացիրների կրակահերթի: Կրակում էին տներից մեկում պատսպարված ադրբեջանցի օմօմականները:
Մարտերը այդ տան մոտ շարունակվեցին մինչև երեկո: Հայկական կողմից երկու հոգի զոհվեցին, մի քանիսը վիրավորվեցին: Իսկ թե ինչ եղավ օմօնականների հետ, կարողացան արդյոք մթութայն մեջ փախնել, ես չգիտեմ:
366 մոտոհրաձգային գնդի զինվորներին չեմ տեսել Խոջալուի գրոհի ժամանակ: Սակայն ռազմական զրահատեխնիկան և գրոհին նախորդող հրետակոծումները տեսել եմ սեփական աչքերով:
…Երկու օրից թուրքերին բաց թողեցին: Հասցրեցին մինչև ճակատային հատված Ասկերանի շրջանում, ցույց տվեցին ճանապարհը և ասացին. «քայլեք, քայլեք»: Ճիշտ է, ոչ բոլորին ազատ արձակեցին: 10 տղամարդու պահեցին որպես պատանդ: Սակայն հայերի խոսքերով նրանցից ոչ մի օգուտ չկար. նրանց նույնիսկ մեկ թիթեղ բենզինի հետ փոխանակել հնարավոր չէր: Նրանք ոչ մեկին պետք չեն: Թուրքերին հսկող զինվորները նրանց հետ մարդկայնորեն էին վերաբերվում: Ժաննա Գալստյանը՝ ղարաբաղյան դիմակայության ղեկավարներից մեկը, իրեր բերեց երեխաների համար: Գուցե Ղարաբաղի հայերը զգում էին, որ մեսխեթցիների ճակատագիրը նման էր իրենց սեփականին:
Գերի թուրքեր: Թերևս դա ամենաահավոր տեսարանն էր, որին ես ականատես եղա այդ օրերին Խոջալուում: Դրանք երեք տարի առաջ Ուզբեկստանից փախած մարդիկ էին, որոնց Ադրբեջանի իշխանություններն ապրելու համար տեղակայել էին Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական գործողությունների գոտում: Խոջալուից աքսորվածների մեջ կային ծեր կանայք, որոնք երևի թե հիշում էին իրենց՝ 1944թ. Վրաստանից աքսորումը: Այժմ նրանց երրորդ աքսորման հերթն է… արդյո՞ք վերջինն է: |